ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Թեպետ Լեոնարդո դա Վինչին ձախլիկ էր

Թեպետ Լեոնարդո դա Վինչին ձախլիկ էր
03.10.2017 | 01:29

Ֆրանսիայում հայտնաբերվել է մերկ կնոջ ածխանկար, որ կարող է լինել Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզայի» էսքիզը։ «Մոնա Վաննան» 1862-ից Շանտիլյեի «Կոնդե» թանգարանում է, համարվել է այլ նկարչի գործ։ Լուվրի աշխատակից Բրունո Մոտինը մանրազնին փորձաքննություններից եզրակացրել է, որ «Մոնա Վաննան» 1500-ականներին է արված և բնորոշ է Լեոնարդո դա Վինչիի ձեռագրին: Ածխանկարի մի մասը, սակայն, արվել է աջ ձեռքով, իսկ Լեոնարդո դա Վինչին ձախլիկ էր։ Փաստորեն, ձախ ձեռքով էլ է Ջոկոնդա նկարվում: Կարևորը` ի՞նչ կա նկարչի մտքում ու սրտում: Ո՞վ է նկարիչը: Ո՞վ է նրա շրջապատում:

Միքելանջելո Բուոնարոտին օրագրում պատմում է, որ գնաց ու արվեստանոցում տեսավ Լեոնարդո դա Վինչիի անավարտ կտավը, որի մասին խոսում է ամբողջ Ֆլորենցիան: Կինը նրան չէր տպավորել, Միքելանջելոյին հմայել էր Լիզա Գերարդինիի մանյակը, որից լույս էր կաթում: Մեկ էլ` տիկնոջ թիկունքի բլուրները, որ տարածականություն էին տալիս կտավին` կարծես Լիզան լողում է ժամանակի ու տարածության մեջ: Լուվրում ոչ ոք բլուրներ ու մանյակ չի գտնի Ջոկոնդայի հետ: Այնուամենայնիվ, Լիզան լողում է ժամանակի ու տարածության մեջ: 512 տարի: Ինչու՞ Լեոնարդոն «դատարկեց» կտավը` ուշադրության կենտրոնում թողնելով Լիզա Գերարդինիին, ում պատճենն է «Մոնա Վաննան»: Միայն ինքը գիտի: Գուցե նաև այն պատճառով, որ Միքելանջելոն բարձրաձայնել էր հիացմունքը մարգարտաշարով ու բլուրներով: Ասում են` քանդակագործը տարածության ու հեռանկարի մաստեր կլաս էր տվել` նկարչին ցույց տալով ինչ անել, որ թվա, թե Լիզան հենց քեզ է նայում: Լուվրում «Ջոկոնդային» տեսնողները պատրաստ են երդվել, որ ֆլորենտուհին հենց իրենց է նայում: Որ կետից էլ իրենք նրան նայեն: Ձախլիկ նկարիչը ընդունել է աջլիկ քանդակագործի խորհուրդը, որ ապահովում է կտավի կախարդանքը ու դարձել է անորսալի ժպիտ` աչքերում ու շուրթերին, որ չկա «Մոնա Վաննայի» դեպքում: Գուցե Վերածննդի առասպելներից է: Գուցե իրականություն: Գուցե:
ՈՒնի՞ առասպելներ մեր ժամանակը: Իր ձախլիկներով ու աջլիկներով: Կա՞ն մարդիկ ու իրադարձություններ, որ հավակնում են փոխել կարծրատիպերն ու հորիզոնի գիծը։ Հարկավ: Շրջապատը ընկալունակ չէ: Շրջապատը պատրաստ չէ ընկալել նրանց անձն ու գործը, իրադարձությունների բովանդակությունն ու նշանակությունը: Բայց ոչ թե նրանք են ժամանակից առաջ, այլ ժամանակն է ինքն իրենից նահանջել:


Անցած շաբաթն սկսվեց ու ավարտվեց հանրաքվեով` աշխարհի տարբեր ծայրերում` Եվրոպա ու Միջագետք: Հանրաքվեների պատճառների, ձևերի ու հետևանքների մեջ չմտնելով` հասկանանք` ինչու՞ աշխարհը պատրաստ չէ ազգի կամահայտնության այդ ձևի իրավական հետևանքները ճանաչելուն: Ինչու՞ Բաղդադն ու Մադրիդը հանրաքվեն միաբերան հայտարարում են անօրինական ու հրաժարվում բանակցել, իրենց գնահատականով, կենտրոնախույզ ու անջատողական շրջանների հետ: Իսկ շրջանները հրաժարվում են ճանաչել իրենց երկրի օրենքները ու ապավինում են միջազգային իրավունքի նորմերին, որ ճանաչում ու օրինական է համարում ազգերի ինքնորոշման իրավունքը:


Համաշխարհային հանրությունը հանրաքվեի հարցով անփորձ չէ: Կոսովոյի անկախության հանրաքվեն 1991-ին էր: Անկախության հանրաքվեի` 1991, ու անկախության հռչակման` 2008, միջև 17 տարի անցավ: 2008-ից Կոսովոն 110 պետություն է ճանաչել: Էրիտրեայի անկախության հանրաքվեն 1993-ին էր, որին նախորդել էր անկախության համար 30 տարվա զինված պայքար: Հանրաքվեից մեկ ամիս հետո ՄԱԿ-ը պաշտոնապես երկիրը ճանաչեց: 2011-ի հանրաքվեից հետո քարտեզին հայտնվեց Հարավային Սուդանը: Արևելյան Թիմորը անկախություն ձեռք բերեց 1999-ին և անկախ պետություն ճանաչվեց 2002-ին, մինչև այսօր կարգուկանոնը երկրում խաղաղապահներն են ապահովում:

Ինքնահռչակ պետական այլ կազմավորումներ միջազգային հանրությունը չի ճանաչում կամ ճանաչում է պայմանական: Արցախի Հանրապետությունը, Աբխազիան, Հարավային Օսիան, Մերձդնեստրը, Սոմալիլենդը: 2014-ին հավելվեց Ղրիմը, հանրաքվեով թերակղզին ՈՒկրաինայի կազմից դուրս եկավ ու մտավ ՌԴ-ի կազմ:
Անկախության հանրաքվեների շարքում եզակի է 2014-ի Շոտլանդիայի հանրաքվեն: Շոտլանդացիները չցանկացան դուրս գալ Միացյալ Թագավորության կազմից: Բայց դա միակ բացառությունը չէ: Մեծ Բրիտանիայի կառավարությունը պատրաստ էր ճանաչել Շոտլանդիայի անկախությունը և խորհրդակցություններ սկսել խորհրդարանի հետ անջատման հարցով: Պակաս անակնկալ չէր 2016-ի բրեկզիտը, երբ Մեծ Բրիտանիան հանրաքվեով որոշեց դուրս գալ Եվրամիության կազմից: Բրիտանական օրենքները տարբերվում են մյուս երկրների օրենքներից: Հիմնականում սահմանադրությունները ամրագրում են երկրի սահմաններն ու արգելում մասնատման որևէ քայլ կամ գործողություն` համարելով ազգային անվտանգությունը խարխլող: Հենց դա է կատարվում Քրդստանի ու Կատալոնիայի դեպքում: Ոչ Իրաքում, ոչ Իսպանիայում կառավարությունները պատրաստ չեն նույնիսկ թեման քննարկել: Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին չճանաչեց Քրդստանի անկախության հանրաքվեն ու տնտեսական պատժամիջոցներ է սահմանում: Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը հայտարարեց. «Ոչ մի հանրաքվե չի լինի»: Հանրաքվեն, այնուամենայնիվ, եղավ: Ոստիկանական բռնություններով, արգելքներով ու ձերբակալություններով: Բայց` եղավ: Կատալոնիայի վարչապետ Կառլես Պուչդեմոնը հայտարարեց, որ հանրաքվեի որոշումը միակողմանի ընդունվել է Մադրիդի կենտրոնական կառավարության հետ քվեարկության կազմակերպման մասին պայմանավորվելու անհաջող փորձերից հետո: Ինչի՞ վրա էր նրա հույսը: 2017-ի հուլիսին արված հարցման արդյունքներով հանրաքվեի անցկացմանը կողմ էր 41 %-ը, դեմ` 49 % -ը:


Այլ հարցումներով` 50 %-ը դեմ էր անկախությանը, կողմ` միայն 40 %-ը: Կամ` 60 %-ը կողմ էր, 30 %-ը` դեմ: Մադրիդի բուռն ու բռնի գործողությունների հետևանքով չի բացառվում, որ նրանք, ովքեր ի սկզբանե դեմ էին Կատալոնիայի անկախությանը, գնացել ու կողմ են քվեարկել: Եթե Կառլես Պուչդեմոնի հույսը Եվրամիությունն էր և միջազգային իրավունքը, ի՞նչ կարող էր անել Մարիանո Ռախոյը` կանխելու Իսպանիայի մասնատումը: Կատալոնիայի հետ իր բյուջեն տնօրինելու հարցով բանակցությունների փոխարեն նա ընտրեց կոշտ դիմակայությունը: Մինչդեռ կարող էր ինքնավարության ստատուտի մեծացումով կանխել և՛ հանրաքվեն, և՛ անջատողական տրամադրությունները, որ հիմա կարող են ոտքի հանել բասկերին: Կատալոնիան անկախ է եղել մինչև 1714-ը: 12-րդ դարից Կատալոնական կոմսությունը եղել է Արագոնի թագավորության կազմում: 1714-ին, իսպանական ժառանգության համար պատերազմում կաստիլացիները պաշարել են Բարսելոնան: Ֆիլիպ 5-րդի` Լյուդովիկոս 14-րդի թոռան զորքերը Կատալոնիայի մայրաքաղաքը գրավեցին սեպտեմբերի 11-ին: Իսպանական ժառանգության համար պատերազմում կատալոնացիները անկախության համար չէին պայքարում, նրանք ավստրիացիների կողմն էին: 1714-ից հետո Կատալոնիան անցավ Կաստիլիային, և պաշտոնական լեզուն դարձավ իսպաներենը: Առանձին պետություն դառնալու իրավունքի համար պայքարը Կատալոնիան սկսեց 19-րդ դարի երկրորդ կեսից: Առաջին ազգայնական կուսակցությունը Կատալոնիայում հայտնվեց 1901-ին: 1931-ին Կատալոնիան ինքնավարության կարգավիճակ ստացավ Իսպանիայի կազմում, ձևավորեց կառավարություն` ժեներալիտետը: Բոլոր հաղթանակները մի քանի տարի անց զրոյացան` քաղաքացիական պատերազմի սկզբից մինչև Ֆրանկոյի մահը 1975-ին բոլոր անկախ ինստիտուտները, մամուլը և անգամ տոները արգելված էին: Անջատողական տրամադրություններն ուժեղացան 2008-ի ճգնաժամից հետո: Կատալոնիան Իսպանիայի ամենաբարեկեցիկ շրջանն է, ՀՆԱ-ն ավելի մեծ է մյուս շրջաններից, գործազրկությունը` ցածր: Թեպետ անջատումից հետո շրջանը կկորցնի իսպանական շուկան, ստիպված կլինի դուրս գալ ԵՄ-ից ու եվրոյի գոտուց: Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերն արդեն հայտարարել է, որ ԵՄ-ն կհարգի կատալոնացիների ընտրությունը, բայց Կատալոնիան պետք է անցնի ԵՄ անդամակցության նույն ընթացակարգը, ինչ մյուս պետությունները: Իսկ Իսպանիան դեմ կլինի միանշանակ:


Նոր պետական կազմավորման ճանաչումը որոշում է նրա կենսունակությունը: ԵՄ որևէ պետություն հազիվ թե ճանաչի Կատալոնիայի անկախությունը: Բոլոր պետություններին ձեռնտու է գոյություն ունեցող ստատուս քվոն: Միջազգային իրավունքի երկու սկզբունքները` ազգերի ինքնորոշման իրավունքը և տարածքային ամբողջականության սկզբունքը, գոյություն ունեն իրարից անկախ: Միջազգային իրավունքը որևէ մեկին գերակայություն չի տալիս, ու դա դարձել է վտանգավոր սխալ, որից սկսվում են քաղաքացիական ու միջպետական պատերազմներ: Ճանաչված անկախությունների հռչակման վերջին ալիքը ավարտվեց մեր հազարամյակի սկզբին, հետո միակողմանի անկախության հայտարարության փորձերը աշխարհը դադարեց ողջունել: Շատ քաղաքագետներ ազգայնականության աճը համարում են յուրատեսակ «վերադարձ արմատներին», անցած ժամանակների նոստալգիա, երբ խոտն ավելի կանաչ էր, ջուրն ավելի թաց: Միջազգային հանրության սկզբնական դրական վերաբերմունքը բացատրվում է գաղութային համակարգի փլուզման հետ համընկնումով: Չճանաչված պետությունը չի կարող անդամակցել ՄԱԿ-ին ու միջազգային կառույցներին, օգտվել միջազգային ֆինանսական ինստիտուտների ծառայություններից, նրա քաղաքացիների իրավունքները սահմանափակված են: Կա նոր կազմավորված պետությունների տարածքային վեճերի հավանականություն հարևանների հետ, իսկ դա պատերազմի հեռանկար է: Կան տնտեսական դժվարություններ` չփոխարկվող տարադրամ, ներդրումների ներգրավման բարդություններ, մերձավոր հարևանների տնտեսական պատժամիջոցներ: Քաղաքակրթության ամբողջ պատմությունը ապացուցում է, որ ազատության ու անկախության համար ժողովուրդները գնի հարցում չեն սակարկում ու պատրաստ են պայքարի բոլոր տեսակներին, ձևերին ու տևականությանը: Իսկ մեր ժամանակը ապացուցում է, որ տուրք տալով կարծրատիպերին` աշխարհը փորձում է ընդհանուր օրինաչափություններ հաստատել ու ընդհանրական լուծումներ տալ առանձին դեպքերին: Փաստացի` ճանաչման-չճանաչման խնդիրը ոչ թե անկախացող պետական կազմավորումներինն է, այլ միջազգային հանրությանը, որ մեծագույն դժվարությամբ է խաղի կանոնների փոփոխություն ընդունում: Տարածքային ամբողջականությունը շատ հարմար սկզբունք է, վիճարկումը վտանգում է բազմազգ պետությունների գոյությունը, որոնց սահմանները հաստատվել են պատերազմներով կամ քաղաքական անհավասար գործարքներով, որ հաշվի չեն առել էթնիկ բնակչության արեալները ու պատմական իրողությունները: Ի վերջո, Արցախի Հանրապետությունը վկայում է, որ միջազգային ճանաչման բացակայությունը չի խանգարում լինելուն ու զարգանալուն` հակառակ աշխարհին և հանուն իր ապագայի:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ. Հելսինկյան եզրափակիչ ակտի ընդունումը 1975-ին նվաճում էր` համակեցության ու խաղաղության համար համաշխարհային մակարդակով: 42 տարի է անցել: Միջազգային կառույցների ու համաշխարհային հանրություն անվանվող անհասկանալի զանգվածի խնդիրն է այսօր պատասխան տալ կոնկրետ հարցի` ո՞րն է գերակա՝ տարածքային ամբողջականությու՞նը, թե՞ ազգի ինքնորոշման իրավունքը: Անցած շաբաթվա հանրաքվեները ու չճանաչված պետությունների պատմությունը վկայում են, որ հարցն օրակարգային է աշխարհի բոլոր անկյուններում` և՛ այնտեղ, ուր իշխում է ժողովրդավարությունը, ՛այնտեղ, ուր ժողովրդավարությունը հավասարեցված է բռնապետությանը: Ի՞նչ է պետք, որ մեր օրերի լեոնարդոները ընդունեն միքելանջելոների` տարածության ու ժամանակի մեջ հավերժ լողալու տարբերակը` այնպես, որ աշխարհը միշտ նայի քեզ: Առասպելներ այսօր էլ կան: Մնում է` շրջապատն ընկալի ու ավարտի ժամանակի նահանջը: Հակառակը Կիկոսի պատմությունն է:

Դիտվել է՝ 5242

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ